Ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ քաղաքացիական բնակչության կանխամտածված թիրախավորման վերաբերյալ հավաստի փաստերը ծայրահեղ մտահոգիչ են ու պետք է պատշաճ քննության ու գնահատման առարկա դառնան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը` արձագանքելով ԱՀ ՄԻՊ հրապարակմանը ադրբեջանական կրակոցներից Կարմիր Շուկայի և Թաղավարդի տների վնասման մասին։
«Այդ երկրում համակարգային հայատյացության վտանգավոր չափերի մասին վերջերս բարձրաձայնել էր ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն, և այս դեպքերը ցավալիորեն գալիս են ապացուցելու թե կոմիտեի արձանագրումները, և թե Արցախի հայաթափման վերաբերյալ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արվող անթաքույց հրապարակային հայտարարությունները»,-ասվում է գրառման մեջ
Սեպտեմբերի 12-ին՝ առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ՝ բնակելի տներ են տուժել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով, որ կրակահերթերը տևել են մոտ 30 րոպե։






