Սոթքում գիշերվա գնդակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, մի քանի տուն այրվել է, որոշ տների տանիքններն ու պատուհաններն են վնասվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սոթք համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանը։
«Վնասի չափը դեռ պարզ չէ։ Հ.Գ. Այս պահին գնդակոծությունը շարունակվում է», – ասվում է գրառման մեջ։
Խաչատրյանը նաև լուսանկարներ է հրապարակել։
Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը հրետանի է կիրառում։ Այս մասին 24News-ին ասել է Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանը։
Նա նշել է, որ հրաձգությունը գյուղից բավականին բարձրադիր գոտում է ընթանում, սակայն հրետանու ձայնը լսում են գյուղում։ Գյուղապետը նաև տեղեկացրել է, որ բնակչության տարհանում չի իրականացվում։
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 13-ի ժամը 08։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։






