AM
13 Սեպտեմբեր 2022 - 06:40 AMT

Ռուբեն Վարդանյան․ Այս հերթական ագրեսիան ցույց է տալիս՝ ոչ մի պայմանագիր մեզ չի կարող պաշտպանել

Հայտնի գործարար և բարերար, Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Ադրբեջանի զինված հարձակմանը ՀՀ բնակավայրերի վրա, գրել է, որ այս հերթական ագրեսիան ցույց է տալիս, որ ոչ մի պայմանագիր մեզ չի կարող պաշտպանել, եթե մենք ուժեղ չենք։

«Ժամեր առաջ Ադրբեջանը զինված հարձակում է սանձազերծել Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի մի շարք բնակավայրերի նկատմամբ։

Ադրբեջանը շարունակում է իր սադրանքներն ու ագրեսիան հայ ժողովրդի նկատմամբ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի նորմերն ու բոլոր տեսակի պայմանագրերը, օգտագործելով միջազգային լարված իրավիճակը։

Այս հերթական ագրեսիան ցույց է տալիս, որ ոչ մի պայմանագիր մեզ չի կարող պաշտպանել, եթե մենք ուժեղ չենք ու բոլորս միասին ոտքի չենք կանգնելու՝ մեր հայրենիքը պաշտպանելու։

Ցավոք, հարևան երկիրը չի ցանկանում գիտակցել, որ պատերազմը հարցի լուծում չէ։ Նրանք այդպես էլ պատմությունից դասեր չեն քաղել ու հիմարաբար կարծում են, որ ուժի կիրառումով կարող են խաղաղություն ստանալ։ Նրանք փորձում են մեզ ճնշել ու իրենց պահանջները պարտադրել՝ չհասկանալով, որ մշտական ագրեսիան բերելու է նրան, որ մենք ասիմետրիկ պատասխան ենք տալու։

Խաղաղության և անվտանգության թիվ մեկ երաշխավորը ամբողջ ժողովրդի՝ բանակի հետ միասնությունն է, ազգ-բանակ դառնալը։ Պետք է սթափվել վերջապես, մենք չպետք է անտարբեր մնանք մեր Հայրենիքի ճակատագրի նկատմամբ։ Մենք նորօրյա Սարդարապատի շեմին ենք, և միայն միավորվելով ու մեկ բռունցք դառնալով կարող ենք պաշտպանել մեր ազատությունն ու մեր հողի վրա ապրելու իրավունքը։ Ո'ւժ ու վճառականություն բոլորիս»,-ասվում է գրառման մեջ:

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, տեղափոխվել է Արցախ և հիմնել է Արցախի անվտանգության և զարգացման ճակատ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 13-ի ժամը 08։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։