AM
13 Սեպտեմբեր 2022 - 08:15 AMT

Փաշինյան․ ՀԱՊԿ Մշտական խորհուրդը նիստ է գումարել ՀՀ դիմումի հիման վրա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ ՀԱՊԿ Մշտական խորհուրդը նիստ է գումարել ՀՀ դիմումի հիման վրա, կապված ՀՀ դեմ ադրբեջանական ագրեսիայի հետ։

«Գիշերն Անվտանգության խորհրդի նիստ ենք անցկացրել, որոշում ենք կայացրել դիմել ՀԱՊԿ-ին։ Այդ դիմումի հիման վրա հիմա ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստ է գումարվել»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը նաև հավելել է, որ ՀՀ-ն դիմել է նաև ՌԴ-ին և ՄԱԿ ԱԽ-ին։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 13-ի ժամը 08։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։