AM
13 Սեպտեմբեր 2022 - 13:24 AMT

Սաղաթելյան. Հապաղելու ժամանակ չկա, պետք է գործել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը առաջարակով է հանդես եկել` միավորել ժողովրդի բոլոր կարող ուժերը։ Այդ մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

«Հայաստանում ստեղծված իրավիճակն իսկապես օրհասական է։ Մեր առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է միավորել մեր ժողովրդի բոլոր կարող ուժերը։

Քիչ առաջ հանդես եկա նման առաջարկով. հրավիրեցի ՀՀ բոլոր նախկին նախագահներին, արտգործնախարարներին, պաշտպանության նախարարներին, Վեհափառ Հայրապետին ազդեցիկ և կարող այլ ուժերին նստել մեկ սեղանի շուրջ և համատեղ լուծումներ գտնել այս վիճակի համար։

Հապաղելու ժամանակ չունենք, օրվա իշխանությունների հետ լեզվակռվի ժամանակ չունենք, ոչ ոքի ոչինչ ապացուցելու կամ համոզելու ժամանակ չունենք։ Պետք է գործել»,-գրել է նա։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 13-ի ժամը 08։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։

ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, բայց թիվը վերջնական չէ։