AM
14 September 2022 - 06:56 AMT

Վաղ առավոտից զոհված զինծառայողների ծնողները բողոքի ցույց են անում ԱԺ մոտ

Վաղ առավոտից զոհված զինծառայողների ծնողները փակել են ՀՀ ԱԺ բոլոր մուտքերը: Տարածքում տասնյակ ոստիկաններ կան:

«Մարդասպաննե՛ր, մեր էրեխեքի գլուխը կերաք»,- ՀՀ ԱԺ-ի առաջ գոչում էր զոհված զինծառայողի հարազատ Կարինե Այվազյանը, գրում է «Առավոտը»։

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանները պատ են կազմել՝ մի փոքր միջանցք թողնելով, որպեսզի պատգամավորների մեքենաներն անցնեն:

Ոստիկանները պատնեշ են ստեղծել, թույլ չեն տվել, որ ցույցի մասնակիցներից մի քանիսը գնան խորհրդարանի մուտքի մոտ և հանդիպեն ՀՀ ԱԺ մուտք գործող պատգամավորների հետ,։

Զոհված զինծառայողների հարազատները, դիմելով ոստիկաններին, հայտարարում են. «Մի պաշտպանեք մարդասպանին, վրեժ լուծեք: Մարդասպանին պաշտպանելուց լավ մտածեք, ձեր ընկերներին սպանողներին եք պաշտպանում: Ամեն օր գալու եմ, իրենց օր ու արև չեմ տալու: Չեմ հանգստանալու մինչև սրանք չազատեն մեր Ազգային ժողովը»:

Կարինե Այվազյանն ասել է. «Անդրանիկ Քոչարյանին զանգեցի, չվերցրեց, Հայկ Կոնջորյանի աշխատակիցը անջատեց. թքած ունե՞ն մեզ վրա»:

Ի վերջո, կարմիր բերետավորները բերման են ենթարկել կնոջը:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 13-ի ժամը 08։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։

ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, բայց թիվը վերջնական չէ։ ‌