Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Առաջին ալիքի եթերում հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանին տալու բան չունի՝ ինչ տրվել է, տրվել է 44-օրյա պատերազմի արդյունքում, իսկ պարտությունը չի կարող բազմապատկման էֆեկտ ունենալ։
«Չի կարող այնպես լինել, որ 44-օրյա պատերազմում պարտության արդյունքում անդադար շարունակենք նորից պարտվել»,-ասել է նա
Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է Ադրբեջանին ինչ-որ բան տալ և այս ամեն ինչը կանգնացնել, թե՞ պետք է մինչև վերջ պայքարել՝ Մարուքյանն ասել է, որ ՀՀ-ն շատ կառուցողական դիրքորոշում ունի, գնում է կոմպրոմիսի, տալիս է մեխանիզմներ, լուծումներ, բայց Ադրբեջանն ուզում է ՀՀ տարածքներն օկուպացնել, ՀՀ տարածքում սուվերեն միջանցք ունենալ։
«Ասում են ուզում ենք միջանցք, ՀՀ-ն ասում է մենք ձեզ տալիս ենք ճանապարհ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, եկեք, օգտագործեք։ Մենք բացում ենք 3 սահմանային կետ, բայց Ադրբեջանն ուզում է ՀՀ տարածքներն օկուպացնել, ունենալ սուվերեն միջանցք, ՀՀ տարբեր մասերում նոր տարածքներ, բարձունքներ ունենալ ու, գրավելով, առաջ գնալ»,-ասել է նա։
Մարուքյանը նշել է նաև, որ ՀՀ իշխանությունները հաճախ ծանր քննադատության է ենթարկվում իր այդ կառուցողական դիրքորոշման համար։
«Ասում են, թե ինչու եք անընդհատ խաղաղությունից խոսում, եթե նրանք չեն ուզում, ինչո՞ւ եք բանակցում, եթե անգամ մեր գերիներին չեն վերադարձնում»,-ասել է նա։
Ըստ Մարուքյանի՝ Ադրբեջանում տեսնում են, որ Հայաստանը ոտքի է կանգնում, տնտեսությունը զարգանում է, որ փող կունենք, կարող ենք զենք գնել, և ամեն ինչ անում է, որ Հայաստանը չուժեղանա։
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։
ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, բայց թիվը վերջնական չէ։
Սեպտեմբերի 14-ի առավոտյան լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին պահպանվում է։ ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին նախահարձակ գործողություններ է սկսել, մասնավորապես` Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղությամբ։ ադրբեջանցիները կիրառում են հրետանային միջոցներ, ականանետեր, իսկ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։






