AM
14 September 2022 - 09:12 AMT

Սոթքում հրետակոծությունից հրդեհ է բռնկվել, Ջերմուկում քաղմեքենա է խոցվել

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 14-ին` ժամը 08։04-ին, ահազանգ է ստացվել, որ Սոթք գյուղում հրետակոծության հետևանքով տուն է այրվում։

Հրդեհը բռնկվել է Սոթք գյուղի 2/1 փողոցի տներից մեկի հարակից կիսաքանդ անասնագոմում, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:31-ին, մարվել՝ 08:51-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ)։

Ջերմուկում հակառակորդը քաղաքացիական մեքենա է թիրախավորել, վարորդը հոսպիտալացվել է, տեղեկացնում է CivilNet-ը:

Վարորդի վիրավորումը ծանր չէ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, բայց թիվը վերջնական չէ։

Սեպտեմբերի 14-ի առավոտյան լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին պահպանվում է։ ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին նախահարձակ գործողություններ է սկսել, մասնավորապես` Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղությամբ։ ադրբեջանցիները կիրառում են հրետանային միջոցներ, ականանետեր, իսկ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։ ‌