AM
14 September 2022 - 09:14 AMT

ՊՆ․ Փոխհրաձգության ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է, բացառությամբ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությունների

Ժամը 12։00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունը հայ-ադրբեջանական սահմանին զգալիորեն թուլացել է, բացառությամբ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությունների։ Այդ մասին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Նա հավելել է, որ հակառակորդը ստանում է արժանի պատասխան։

«ՀՀ զինմված ուժերն ամբողջ ծավալով կատարում են իր առջև դրված պարտականությունները»,-ասել է նա։

Թորոսյանը նաև հերքել է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը, ըստ որի հայկական ստորաբաժանումները գիշերն, իբր, հրետակոծել են ադրբեջանական դիրքերը։

Նա նշել է նաև, որ առավոտից ադրբեջանական զինուժն է սկսել ինտենսիվ հրետակոծություն` թիրախավորելով, մասնավորապես, Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, բայց թիվը վերջնական չէ։

Սեպտեմբերի 14-ի առավոտյան լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին պահպանվում է։ ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին նախահարձակ գործողություններ է սկսել, մասնավորապես` Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղությամբ։ ադրբեջանցիները կիրառում են հրետանային միջոցներ, ականանետեր, իսկ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։

‌ ‌