AM
14 September 2022 - 11:33 AMT

Համայնքապետ․ Արկից գանգուղեղային վնասվածքով Տեղի բնակիչը վիրահատվել է, տեղափոխվել Երևան

Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ Արթուր Մարությանը, ով Գորհայքի լեռներից նախիրն իջեցնելու ժամանակ ծանր գանգուղեղային վնասվածք էր ստացել ադրբեջանցիների արձակած արկից, Սիսիանի հոսպիտալում վիրահատվելուց հետո տեղափոխվել է Երևան։ Այդ մասին հայտնել է Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Նախիրը Գորհայքի սարերից իջեցրել էր ու գնացել, որ մեքենան ու «դոմիկն» էլ բերի, էդ ժամանակ ադրբեջանցիները թիրախավորել են, ու վիրավորվել է Արթուրը։ Սիսիանի հոսպիտալում վիրահատել են, գիտակցության է եկել, բայց տեղափոխել են Երևան»,-ասել է Ղուլունցը։

Տեղի համայնքապետի խոսքով՝ ադրբեջանցիները շարունակում են թիրախավորել Տեղը։

«Հիմա էլ ոչ ինտենսիվ, բայց շարունակում են կրակոցներ արձակել գյուղի ուղղությամբ»,-նշել է համայնքապետը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, բայց թիվը վերջնական չէ։

Սեպտեմբերի 14-ի առավոտյան լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին պահպանվում է։ ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին նախահարձակ գործողություններ է սկսել, մասնավորապես` Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղությամբ։ ադրբեջանցիները կիրառում են հրետանային միջոցներ, ականանետեր, իսկ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։ ‌