AM
15 September 2022 - 07:44 AMT

Պատգամավոր․ Առավոտյան զինկոմիսարիատը կգնա միտինգավոր տղամարդկանց հետևից

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին ԱԺ-ում և դրան հաջորդած բողոքի ցույցին, ասել է, որ վարչապետի խոսքը խեղաթյուրվել է, հետո որպես ապատեղեկատվություն տարածվել՝ թե ինչ-որ բան է ստորագրել, կամ ստորագրելու։

Նա նշել է՝ Փաշինյանն ասել է, որ այն, ինչ հիմա քննարկվում է, որոշակի ռիսկեր է պարունակում, և հայկական կողմը նման փաստաթուղթ չի ստորագրելու, որ ՀՀ սուվերեն տարածքից ոչ մի միլիոմետր չի զիջվելու, միջանցք չի տրվելու։

«Ու դրանից հետո գործակալական որջերից, պադվալներից, գետնի տակից դուրս են վազում ինչ–որ առողջ երիտասարդներ․․․Օգտվելով եթերից, շնորհավորում եմ՝ նրանք շահել են զինկոմի ուղեգիր, այս պահին մոտ 8 ժամ ունեն իրերը հավաքելու և առաջնագիծ մեկնելու համար։ Որովհետև առավոտյան ժամը 9-ից զինկոմիսարիատը կգնա միտինգավոր տղամարդկանց հետևից․․․»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ թույլ չեն տալ, որ «նման ոգի ունեցող ռեսուրսը չգնա առաջնագիծ»։

Ալեքսանյանը նաև տեղեկացրել է, որ արդեն խոսել է ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, որն, ըստ նրա, խոսել է զինկոմի հետ և այս «ոգով, ուժեղ երիտասարդները վաղը առավոտվանից կստանան իրենց ուղեգրերը ու կմեկնեն առաջնագիծ»։

Պատգամավորը նաև ասել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո առաջին անգամ որոշակի հաջողություն է գրանցվել՝ «կանգնել ենք, կռվել ենք, դիրքեր կա, որ մերը չէր, նորից մերն են դարձել»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ այս պահի դրությամբ ադրբեջանցիները ևս 10 քկմ օկուպացրել են մեր տարածքից։

«Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության, բայց դա չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշում։ Էտ որոշումներին պետք է գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը՝ տևական կայունությունը, խաղաղությունը։ Չենք կարող վերնագիրը գրել «խաղաղության պայմանագիր», ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսի։ Չենք կարող։ Ուզում ենք մի թուղթ ստորագրել, որի համար մեզ կարող են քննադատել, հայհոյել, դավաճան ասել, ժողովուրդը նույնիսկ կարող է հեռացնել մեզ իշխանությունից։ Էլի գոհ կլինենք, եթե ՀՀ-ն 29,800 քկմ տարածքով ստանա տևական խաղաղություն ու անվտանգություն։ Շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որը դա կապահովի, ես էտ որոշումը ստորագրելու եմ: Ինձ չի հետաքրքրում թե ինչ կլինի հետո ինձ հետո, ինձ հետաքրքրում է, թե ինչ կլինի հետո ՀՀ հետ»,-ասել է վարչապետը։

Նրա ելույթից հետո մեծ բազմություն է հավաքվել ԱԺ մոտ և հրապարակում՝ կառավարության շենքի մոտ։ Ցուցարարները պահանջում էին անվստահություն հայտնել վարչապետին: Ավելի ուշ Փաշինյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում՝ նշելով որ ոչ մի թուղթ չի ստորագրել և չի պատրաստվում ստորագրել, և որ նրա խոսքը խեղաթյուրվել է, այդ թվում՝ ԶԼՄ-ների կողմից։ «Կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել»,- գրել էր նա, այնուհետև նույն միտքը կրկնել ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում։ ‌