AM
15 Սեպտեմբեր 2022 - 10:25 AMT

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի ԶՈւ կողմից լրագրողների թիրախավորումը Սոթքում

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրում հայաստանյան և միջազգային մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ թիրախավորումը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբոլոգում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«Սթոքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրենց մասնագիտական աշխատանքը կատարող օտարերկրյա և տեղացի լրագրողների միտումնավոր հրետակոծումը բացարձակապես անընդունելի է»,-ասվում է գրառման մեջ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Սեպտեմբերի 14-ի առավոտյան լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին պահպանվում է։ ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին նախահարձակ գործողություններ է սկսել, մասնավորապես` Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղությամբ։ ադրբեջանցիները կիրառում են հրետանային միջոցներ, ականանետեր, իսկ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։

ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը սեպտեմբերի 14-ի դրությամբ 105 զոհ ունի։