AM
15 September 2022 - 11:33 AMT

Կարին Տոնոյանը հրապարակել է առաջիկա գործողությունների ծրագիրը

Զոհված զինծառայողի մայր, «5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը, նշելով, որ սեպտեմբերի 14-ի հավաքն ԱԺ մոտ ինքնաբուխ էր, հընթացս ձևավորված ամբիոնը նույնպես, և հետևաբար արված հայտարարությունները, անկազմակերպ էին, ֆեսյբուքյան իր էջում ներկայացրել է առաջիկա անելիքները, որոնց «շուրջ և տեղի է ունենալու ժողովրդի համախմբումը»:

«Արձանագրենք, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հենարանը և նրա ապազգային ու հակապետական որոշումները սպասարկողները (նաև լուռ համաձայնությամբ), հետևյալ պետական մարմիններն են. Ազգային Ժողով, Կառավարություն, Դատական համակարգի զգալի մասը, Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն: Հենարան են նաև մեդիա դաշտի մի մեծ հատված, ներառյալ Հանրային Հեռուստաընկերություն և ռադիո, հասարակական կազմակերպություններ, տնտեսական դաշտում գերակա դերակատարներ, այդ թվում օլիգարխիկ համակարգի մաս կազմող անհատներ, որոնք նաև սերտաճել են ներկա իշխանությանը:

Մեր թիվ մեկ խնդիրն է զրկել երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին հենարանից և հեռացնել նրան պաշտոնից, ձևավորել անցումային կառավարություն, իրականացնել ճգնաժամային կառավարում, պետության ռեսուրսները առաջանահերթ ուղղել Հայաստանի անվտանգային համակարգի վերականգնմանը, վերազինել մեր բանակը նոր տեխնոլոգիական մարտական կարողություններով և ունակություններով` տալով նրան հնարավորություն ապահովելու Հայաստանի Սահմանադրությամբ բանակի վրա դրված պարտավորությունը` «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

Տոնոյանը նշել է, որ վերոնշյալն իրագործելու համար հարկավոր են հետևյալ գործողությունները.

«Գործողությունների խումբ 1.

Ժամանակավորապես (մինչև վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հրաժարականը) պարալիզացնել հակապետական որոշումների հենարան հանդիսացող պետական կառույցների, կազմակերպությունների, խմբերի և անհատների հանցավոր համագործակցությունը:

Սրա համար հարկավոր է այսօրվանից սկսած խաղաղ անհնազանդության գործողություններով արգելափակել Կառավարության հիմնական մարմիններում` նախարարություններում, մարզպետարաններում և բուն կառավարության նստավայրում որևէ տեսակի գործունեություն: Դուրս եք գալիս փողոց, ինքնակազմակերպվում եք և խաղաղ գործողություններով արգելափակում եք նշված մարմինների նստավայրերը և խաթարում եք դրանց գործունեությունը մինչև համապատասխան անձի հրաժարականը: Այս նույն գործողություններն ենք իրականացնում նաև Բարձրագույն դատական խորհրդի, Հանրային հեռուստաընկերության և այլ իշխանական լրատվամիջոցների, իշխանության սատարող հասարակական կազմակերպությունների և օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների հիմնական ձեռնարկությունների նկատմամբ:

Գործողությունների խումբ 2.

Զուգահեռ, շրջափակում ենք Ազգային Ժողովի շենքը, խաղաղ անհնազանդության գործողություններով և բացատրական աշխատանքներով ուղղորդում ենք ՔՊ կուսակցության պատգամավորներին ներկայանալ Ազգային Ժողով և միանալ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին անվստահություն հայտնող փաստաթղթին. սա, ժողովրդի պահանջի համաձայն, երեկ ԱԺ ընդդիմադիր ուժերը պարտավորվել են նախաձեռնել:

Նշված մարմինների, կազմակերպությունների և անհատների գործունեությունը խաթարող անհնազանդության խաղաղ գործողությունները իրականացվում են այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հրաժարականին:

Գործողությունների խումբ 3.

Առաջին երկու խումբ գործողություններին զուգահեռ ձևավորվում է անցումային կառավարության օրակարգը և այդ օրակարգն իրականացնող մարդկանց շրջանակը: Ժամանակավոր` անցումային կառավարության ղեկավարը` վարչապետը, կլինի անձ, որը գործելու է միայն հայտարարված օրակարգի շրջանակներում և կատարելու է ճգնաժամային կառավարման կոլեգիալ որոշումները, նա պետք է վայելի հանրային բարձր վստահություն»,-ասվում է հայտարարության մեջ:

Միաժամանակ, նշվում է, որ բոլոր այն պետական ծառայողները և պետական մարմինների այն բոլոր ներկայացուցիչները, ՔՊ բոլոր պատգամավորները, որոնք հրապարակայնորեն կհրաժարվեն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ համագործակցելուց, կստանան անվտանգության երաշխիքներ անցումային կառավարության կողմից, որը կապահովի և կերաշխավորի նրանց և նրանց ընտանիքների անվտանգությունը:

«Վերջապես, խոսքն ուղղում ենք ՀՀ զինված ուժերում բարձրագույն սպայական կոչում ունեցող հրամանատարական ներկա և նախկին կազմերի բոլոր ներկայացուցիչներին: Հրաժարվե՛ք վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ համագործակցելուց, միացե՛ք մեզ` ժողովրդին, միասին վերականգնենք խարխլված անվտանգային համակարգը: Հայ ազգը սպասում է իր արժանավոր զավակների համախմբանը` հանուն պետության ու ժողովրդի գործուն և նվիրական քայլերի:

Աստված օրհնի մեր ժողովրդին, մեր պետությունը և մեր պետության ու ժողովրդի անվտանգության երաշխավոր բանակը»,-ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարությունը բաց է միանալու համար:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Սեպտեմբերի 14-ի առավոտյան լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին պահպանվում է։ ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին նախահարձակ գործողություններ է սկսել, մասնավորապես` Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղությամբ։ ադրբեջանցիները կիրառում են հրետանային միջոցներ, ականանետեր, իսկ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։

ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը սեպտեմբերի 14-ի դրությամբ 105 զոհ ունի։ ‌