ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանում Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկու գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն ասել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուժով փորձում է հասնել իր մաքսիմալիստական նպատակներին և անտեսում տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը։
Հանդիպմանը քննարկվել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման, զոհերի, հայկական դիրքերի գնդակոծմանն առնչվող մանրամասներ: Անդրադարձ է եղել հրադադարի պայմանավորվածությանը. զրուցակիցները հույս են հայտնել, որ այն տևական կլինի:
Սիմոնյանը հիշեցրել է, որ իշխանությունները դիմել են միջազգային հանրությանը՝ ներկայացնելով տիրող իրավիճակը:
Նա հավելել է, որ կոչ է անում միջազգային գործընկերներին և դաշնակիցներին առավելագույնս հստակ և հասցեական արձագանքել Ադրբեջանական Հանրապետության գործողություններին և արդյունավետ քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ջանքերին աջակցելու համար՝ ապագայում նման գործողությունները կանխելու նպատակով:
Հանդիպմանը քննարկվել են նաև հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցությանն առնչվող հարցեր: Ռուս գործընկերը ներկայացրել է Հայաստան այցի ընթացքում կայանալիք հանդիպումների օրակարգը՝ նշելով, որ Երևանի ավագանու և Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի միջև Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, ինչը հնարավորություն կընձեռի նախանշելու արդյունավետ և կառուցողական փոխգործակցության նոր վեկտորներ:
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։
Սեպտեմբերի 14-ի առավոտյան լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին պահպանվում է։ ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին նախահարձակ գործողություններ է սկսել, մասնավորապես` Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղությամբ։ ադրբեջանցիները կիրառում են հրետանային միջոցներ, ականանետեր, իսկ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։
ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը սեպտեմբերի 14-ի դրությամբ 105 զոհ ունի։






