ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայի զոհերի դիերը վերադարձնելու նպատակով Սյունիքի մարզի Ներքին Հանդի տարածք գնացած փրկարարներից մեկի հետ կապ հաստատել չի հաջողվում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Հայտնում եմ, որ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու։ Խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվել։
Նորություն լինելու դեպքում հավելյալ կտեղեկացնենք»,-ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ ԱԻՆ և շտապ օգնության ծառայողները մտել են Ներքին Հանդ գյուղի տարածք,զոհվածների դիեր վերադարձնելու համար, և գերեվարվել թշնամու կողմից։