Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով ՀԱՊԿ առաքելության այցին ՀՀ, ասել է, որ Երևանի պահանջը ՀԱՊԿ-ից եղել է Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, ինչը մինչև այս պահը չի կատարվել։
«Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել: Այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում», – ասել է նա, տեղեկացնում է «Ազատությունը»։
«Մեր ակնկալիքը ո՞րն է եղել, և մեր հարցադրումը ո՞րն է եղել ՀԱՊԿ-ին դիմելու ժամանակ ձևակերպված։ Դա այն է` Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, որպեսզի Հայաստանի սուվերենությունը պաշտպանվի, և Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերը դուրս գան: Մեր պահանջը ՀԱՊԿ-ից դա է եղել, մինչև այս պահը դա չի կատարվել: Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել»,-ասել է նա:
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ղազախական դեպքերի ժամանակ ինքը հույս էր հայտնում, որ այսպես վերջապես կգործարկվեն ՀԱՊԿ մեխանիզմները, նախադեպ կստեղծվի՝ Գրիգորյանն ասել է, որ, բնականաբար, «այդպիսի հույս եղել է, և բնականաբար, այդ հույսը ամբողջովին ի չիքս է դարձել»։
«Չկա այդպիսի հույս այլևս։ Միայն քայլերը ՀԱՊԿ-ից, առարկայական քայլեր եթե լինեն, կարող ենք մտածել դրա մասին կամ տեսնել այդ քայլերը և համոզվածություն ունենալ, բայց այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում»,-ասել է նա՝ հավելելով, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան նաև 2021-ի մայիսի 12-ին և հետո օկուպացված տարածքից։
Այն հարցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Երևանը, որ հնչում է այդ դաշինքը լքելու կոչ՝ Գրիգորյանն ասել է, որ «այդ մասով պետք է ՀԱՊԿ-ը մտածի, ոչ թե Հայաստանը»:
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։
Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։






