AM
16 September 2022 - 14:43 AMT

ՊՆ․ Ներքին Հանդում կորած փրկարարը գերի էր ընկել՝ նրան փոխանակել են

Սյունիքի մարզի Ներքին Հանդում նախօրեին կորած ԱԻՆ փրկարարը, որի հետ կապը կորել էր, գերի էր ընկել, ապա փոխանակվել ադրբեջանցի գերու հետ։ Լուրը հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Հաստատում եմ ԱԻՆ աշխատակցի փոխանակման մասին լուրը»,– նշել է Թորոսյանը։

Այդ գործընթացին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը չի մասնակցել։

Սեպտեմբերի 15-ին ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել էին Ներքին Հանդի տարածք դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել էր, սակայն փրկարար ծառայողներից մեկի հետ կապը կորել էր։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։ ‌