ՀՀ ամբողջ տարածքում պատսպարանների բարեկարգման ծրագրեր են իրականացվում, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Նշվում է, որ քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցները (պատսպարաններ) թաքստոցներ են, որոնք նվազեցնում են հարվածային ալիքի ուժգնությունը: Այդ կառույցների կարևորությունն էլ ավելի է զգացվում պատերազմական պայմաններում:
Բնակչության պատսպարման հաշվարկումն իրականացվում է համայնքների ղեկավարության կողմից: Ամբողջ տեղեկատվությունն ամփոփվում է, ուղարկվում Երևանի և մարզային փրկարարական վարչություններ:
ԱԻ նախարարի և փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականներով ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատներից կազմված խումբը տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) աշխատակիցների ուղեկցությամբ պարբերաբար իրականացնում են բազմաբնակարան շենքերի, մասնավոր տների և նկուղների ուսումնասիրություն:
Նրանք լուսանկարում են տարածքը, վիճակի մասին տեղեկացնում վերադասին, նրանք էլ, իրենց հերթին, իրավիճակը ներկայացնում են ՏԻՄ-երին առկա թերությունները վերացնելու համար:
Որպես պատսպարան ծառայում են նաև մետրոպոլիտենի կայարնները, գետնանցումները, դպրոցների ու մանկապարտեզների նկուղային հարկերը:
Բնակչության իրազեկումը տեղի է ունենում ՏԻՄ-երի կողմից: Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպվում են թեմատիկ վարժանքներ: