«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել Հայաստանի համար այս բարդ ժամանակաշրջանում «քաղաքական մանիպուլյացիաներից զերծ մնալու անհրաժեշտության» վերաբերյալ։
«Կարևոր է գնահատել կրիտիկական ռիսկերը և կանխել հայ-ռուսական հարաբերությունների պառակտմանը միտված թշնամական հռետորաբանությունը:
Հայաստանում վիճակը կարելի է կայունացնել ոչ թե պոպուլիստական հայտարարություններով, այլ պետության ամրապնդմանն ուղղված համակարգված աշխատանքով, որը հիմնված կլինի իրական աշխարհաքաղաքական դաշնակիցների, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ, կապերի վրա»,- ասվում է հայտարարության մեջ։
Կարապետյանը նշել է՝ չի կարելի մոռանալ այն մասին, որ վերջին տարիներին Ռուսաստանը և Հայաստանը զարգացրել են կայուն գործընկերային և դաշնակցային հարաբերություններ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական, տնտեսական, մշակութային և սոցիալական ոլորտներում։
«Ռուսաստանում այսօր մի քանի միլիոն հայ է ապրում, որոնք սերտ կապեր ունեն իրենց պատմական հայրենիքի հետ։ Պետք է լրջորեն կշռադատել այն չմտածված հայտարարությունները, որոնք այսօր արվում են երկու դաշնակից պետությունների միջև սեպ խրելու նպատակով։
Հայաստանին այսօր խաղաղություն է պետք։ Ուստի ես չափազանց կարևոր եմ համարում թշնամական հակառուսական հռետորաբանության դադարեցումը և Ռուսաստանում հայ համայնքի ուժերի համախմբումը Հայաստանի շուրջ»,-նշել է Կարապետյանը։
Հակառուսական հայտարարությունների վտանգի մասին խոսել է նաև հայտնի գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Որպես քաղաքացի և որպես քաղաքական ուժի ղեկավար` խորապես անհանգստացած եմ Հայաստանում հակառուսական տրամադրությունների հրահրման միտումներից։ Որքան էլ դրանք լինեն արհեստական և ուղղորդվող, միևնույն է, դրանք պարունակում են ահռելի ռիսկեր` մեր պետության, ազգային անվտանգության և մեր ժողովրդի համար։ Անկայուն և բարիկադավորված աշխարհի այսօրվա պայմաններում սա ուղղակի արկածախնդրություն է, որի միակ շահառուն հակառակորդն է։
Վստահ եմ, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը, քաղաքական, հասարակական վերնախավերը, գիտակից շերտերը շատ լավ հասկանում են, որ հայ-ռուսական դաշնակցային և խոր վստահության վրա ձևավորված բազմաշերտ հարաբերություններն են ունակ ապահովելու կայունություն` այս բարդ տարածաշրջանում, և մեր ժողովրդի համար խաղաղ զարգացման հնարավորություն»,-ասվում է հայտարարության մեջ։
Նա նշել է, որ Հայաստանը կարող է և պետք է ունենա բարիդրացիական հարաբերություններ այլ տերությունների հետ, զարգացնի միջպետական հարաբերություններ այլոց հետ, բայց դա չի կարող լինել ընդդեմ և ի հակակշիռ հայ-ռուսական հարաբերությունների։
«Վստահ եմ` մեր ժողովուրդը սթափ է գնահատում ռիսկերը։ Իսկ հայ-ռուսական հարաբերությունները կարիք ունեն ոչ թե վտանգման, այլ` բազմաշերտ և արդյունավետ խորացման՝ ռազմաքաղաքական, անվտանգային, տնտեսական և այլ ոլորտներում»,-ասվում է հայտարարության մեջ։