AM
22 September 2022 - 07:05 AMT

Լրագրողին ծեծելու, նկարահանածը ջնջելու փաստով քրգործ կա

Լրագրող Արթուր Հայրապետյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել սեպտեմբերի 15-ին ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու դեպքով:

Հայրապետյանը պատմել է, որ ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 15-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունից դժգոհ քաղաքացիների ինքնաբուխ հանրահավաքից առաջ, տեղեկացնում է Aravot.am-ը։

Ըստ նրա՝ դեպքի օրը Բաղրամյան փողոցում ինքը իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ է եղել, երբ վերջինս ուղիղ եթերով քաղաքացիներին է դիմել՝ հայտնելով, որ երկիրը ծայրահեղ վիճակում է ու կոչ արել մարդկանց դուրս գալ փողոց:

Հայրապետյանի խոսքով՝ ոստիկաններից մեկն անընդհատ սադրանքների է դիմել, լեզվակռվի բռնվել իրավապաշտպանի հետ, ավելի ուշ անցել գռեհիկ ու փողոցային հայհոյանքներով խոսելաձևի: Արթուր Հայրապետյանը հենց այդ ժամանակ սկսել է հեռախոսով տեսանկարահանել, սակայն կարմիր բերետավորներից մեկը խլել է իր ձեռքից հեռախոսը, ջնջել տեսանկարահանածը, հետո հեռախոսը գցել գետնին։

«Իրենք բռնի ուժով հեռախոսը ձեռքիցս խլեցին, սկսեցին ինձ ծեծել: Արդեն հիշում եմ, որ ասֆալտի վրա ընկած էի, ու տասը կարմիր բերետավոր, եթե ոչ ավելի, քացիներով, հայհոյելով՝ ով ոնց հնարավոր էր, ծեծում էր: Աչքերս բացեցի ու տեսա, որ «Էվրիկա» սուպերմարկետի մոտ ընկած եմ, ման եմ եկել, մի կերպ գտել եմ ակնոցս, ուշքի եկել, տեսել Մարինան չկա, հետո տեղեկացել, որ նրան տարել են ոստիկանության Արաբկիրի բաժին»,- նշել է նա։

Մարինա Պողոսյանին աջակցելու համար Արթուր Հայրապետյանը գնացել է նրա հետևից ու հենց ոստիկանության Արաբկիրի բաժնում էլ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ այս պահի դրությամբ ադրբեջանցիները ևս 10 քկմ օկուպացրել են մեր տարածքից։ «Ուզում ենք մի թուղթ ստորագրել, որի համար մեզ կարող են քննադատել, հայհոյել, դավաճան ասել, ժողովուրդը նույնիսկ կարող է հեռացնել մեզ իշխանությունից։ Էլի գոհ կլինենք, եթե ՀՀ-ն 29,800 քկմ տարածքով ստանա տևական խաղաղություն ու անվտանգություն։ Շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որը դա կապահովի, ես էտ որոշումը ստորագրելու եմ: Ինձ չի հետաքրքրում թե ինչ կլինի հետո ինձ հետո, ինձ հետաքրքրում է, թե ինչ կլինի հետո ՀՀ հետ»,-ասել էր վարչապետը։

Նրա ելույթից հետո մեծ բազմություն է հավաքվել ԱԺ մոտ և հրապարակում՝ կառավարության շենքի մոտ։ Ցուցարարները պահանջում էին անվստահություն հայտնել վարչապետին: Ավելի ուշ Փաշինյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում՝ նշելով որ ոչ մի թուղթ չի ստորագրել և չի պատրաստվում ստորագրել, և որ նրա խոսքը խեղաթյուրվել է, այդ թվում՝ ԶԼՄ-ների կողմից։ «Կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել»,- գրել էր նա, այնուհետև նույն միտքը կրկնել ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում։ ‌