AM
3 October 2022 - 09:37 AMT

«Ապրելու երկիրը» ու ՀԱԿ-ն Ալավերդիում կոալիցիա են կազմել

«Ապրելու երկիրը» ու ՀԱԿ-ը հայտարարել են համագործակցության մասին՝ կարևորելով Ալավերդի համայնքի զարգացումը, հաշվի առնելով ավագանու ընտրությունների արդյունքները և կարևորելով ընտրությունների միջոցով իշխանության փոփոխության իրականացումը։

«Նպատակ ունենալով համատեղ ջանքերով հասնել համայնքում իրական բարեփոխումների իրականացմանը, առաջանցիկ տեմպերով զարգացմանը, համադրելով երկու կուսակցությունների նախընտրական ծրագրերը՝ կողմերը

Համաձայնում են համագործակցել հետևյալի շուրջ՝

– Համատեղ կազմել Ալավերդի համայնքի զարգացման ծրագիրը

Համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրում և ընտրում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համար Արկադի Թամազյանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի թեկնածու են առաջադրում և ընտրում «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ցուցակի երկրորդ համար Տիգրան Պապոյանին, համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվում է «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Սասուն Վարդումյանը

– Օձուն, Շնող, Մեծ Այրում, Ծաթեր, Այգեհատ բնակավայրերի ղեկավարումը ստանձնում են «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները, մնացած բնակավայրերի ղեկավարումը՝ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները,

– Գործունեության ամբողջ ընթացքում աշխատանքային առաջնային սկզբունք է լինելու թափանցիկությունը, արդարությունը, հաշվետվողականությունը

– Կողմերն առաջնորդվում են փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, տարաձայնությունները բանակցությունների միջոցով լուծելու մոտեցումներով,

– Ալավերդի համայնքնում ձևավորելով համագործակցության մշակույթ՝ կողմերը պատասխանատու են միասնական ջանքերով աշխատել հանուն Ալավերդու զարգացման»,-ասվում է հայտարարության մեջ։

Հուշագիրը գործում է կառավարման ամբողջ ժամանակահատվածի համար։

Սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրությունների արդյունքում Լոռու մարզի Ալավերդի համայնքում, ըստ ԿԸՀ նախնական տվյալների, «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 6791 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 6557, ՀԱԿ-ը՝ 340, իսկ ՀՅԴ-ն՝ 316 ձայն: