Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հանցակցելու դրվագով Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռ է կայացվել, հայտնում է գլխավոր դատախազությունը։
Ապրիլի 15-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան էր ուղարկվել քրգործ՝ ըստ մեղադրանքի Հովսեփյանի և Վրեժ Վարանցովի Մարկոսյանի, որը դատարանի՝ ապրիլի 19-ի որոշմամբ ընդունվել էր վարույթ:
Նշված գործով Մարկոսյանին մեղադրանք էր առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքը կատարելու համար, որ նա, ՀՀ գլխավոր դատախազի, այնուհետև՝ ՔԿ նախագահի պաշտոնները զբաղեցրած Հովսեփյանի դրդմամբ, 2017-ի ապրիլի 10-ին վատնել է Վարշամ Ղարիբյանի կողմից իրեն վստահված Երևանի Աջափնյակ համայնքի Գ1 թաղամասի թիվ 29/11 հասցեում գտնվող 3,0078 հեկտար մակերեսով առանձնապես խոշոր չափերով՝ 672,400,000 դրամ արժողությամբ հողամասը՝ այն համապատասխան պայմանագրով նվիրաբերելով Հովսեփյանի որդուն՝ Արմեն Հովսեփյանին, որի սեփականության իրավունքն այդ հողամասի նկատմամբ Կադաստրում գրանցվել է ապրիլի 13-ին:
Դատարանի՝ օգոստոսի 4-ի որոշմամբ, նշված քրգործից անջատվել էր Մարկոսյանի վերաբերյալ գործը:
Սեպտեմբերի 16-ի դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Մարկոսյանը հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում և միջնորդել է կիրառել համաձայնեցման վարույթ: Դատարանն ամբաստանյալի այդ միջնորդությունը բավարարել է:
Նկատի ունենալով, որ Մարկոսյանը 72 տարեկան է, ինչպես նաև հիմք ընդունելով Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի համապատասխան նորմերի դրույթները, համաձայնեցման վարույթի շրջանակում կողմերը համաձայնվել են ամբաստանյալին մեղսագրվող արարքի համար հետևյալ պատժատեսակի և պատժաչափի վերաբերյալ՝
– Մարկոսյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 5 տարի 4 ամիս ժամկետով (այս գործով առավելագույն պատժաչափն է, որ կարող էր նշանակվել համաձայնեցման վարույթի շրջանակում),
– Կիրառել 01.11.2018թ. ընդունված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը և Մարկոսյանին պատժից ազատել:
Արդյունքում` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ հոկտեմբերի 3-ի դատավճռով Մարկոսյանը մեղավոր է ճանաչվել համապատասխան հանցանքի կատարման մեջ։ Նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվել է 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկում և, 01.11.2018թ. ընդունված «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի կիրառմամբ, նա պատժից ազատվել է:
Համաձայնեցման վարույթի շրջանակում, տուժողը Մարկոսյանի նկատմամբ պահանջ չի ներկայացրել: