AM
10 Հոկտեմբեր 2022 - 10:30 AMT

Ալեքսանյան․ Գորիս-Կապան մայրուղին չի մտնում ՀՀ սահմանների մեջ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, խոսելով Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի հիմքում 1991–ի Ալմա Աթայի հռչակագիրն ընդունելու վերաբերյալ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության մասին, ասել է, որ Գորիս-Կապան մայրուղին չի մտնում ՀՀ սահմանների մեջ։

‌«Գորիս-Կապան մայրուղին, որը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողությանը, այդ սահմանների մեջ չի մտնում, ինչպես նաև չի մտնում այն սահմանների մեջ, որոնք նկարագրված են 2010–ին ՀՀ ԱԺ–ի կողմից ընդունված «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքով»,- նշել է Ալեքսանյանը, գրում է Factor.am-ը։

Այն հակադարձմանը, թե այդ ճանապարհը 30 տարի եղել է ՀՀ սահմաններում, իշխանական պատգամավորը պատասխանել է, որ Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը ՀՀ իշխանություններին թույլ է տվել 30 տարի անել այն, ինչ իրենք արել են։

«Եթե որպես արգումենտ բերվում է այն, որ «այն ժամանակ արվում էր», ապա այն ժամանակ արվում էր այն, որ ՀՀ ամբողջ պետական բյուջեն զիջում էր Ադրբեջանի միայն ռազմական բյուջեին, ու բնական է, որ այդ բյուջեով ձեռք բերված զինամթերքը մի օր կրակելու էր»,- նշել է Ալեքսանյանը։

Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած հատվածում ադրբեջանական կողմը մաքսակետեր էր տեղադրել և 2021-ի սեպտեմբերից արգելվեց հայկական համարանիշներով մեքենաների երթևեկը։