AM
10 Հոկտեմբեր 2022 - 11:25 AMT

ՔՊ պատգամավոր․ ՌԴ-ից ակնկալում ենք հստակ քայլեր ու գործողություններ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, ասել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակցային երկրներ են ու շարունակում են այդ հարաբերությունները։

«Այո՛, կան որոշակի խնդիրներ, մենք արձանագրել ենք այդ խնդիրներն ու մեր գործընկերների հետ աշխատում ենք, դեռևս սպասում ենք հստակ քայլերի ու գործողությունների, որոնք վերաբերում են մեր Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնմանն ու պայմանագրային մեխանիզմների գործարկմանը», – ասել է Հովհաննիսյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նա վստահեցրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Պրահայից հետո Ռուսաստան մեկնելու մեջ պետք չէ ենթատեքստեր փնտրել։

«Այսօրվա արտաքին քաղաքականությունը բավականին թափանցիկ է, ու մենք ամեն ինչի մասին տեղեկացնում ենք մեր հանրությանը։ Այցը պայմանավորված էր նախօրոք լինելով, այսինքն՝ նախապես պլանավորված այց էր ու որևէ ենթատեքստ փնտրել պետք չէ», – ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Փաշինյանը ՌԴ էր մեկնել Պրահայից, որտեղ հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել նրա հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։

Պրահայում ընդունված քառակողմ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։