Անհետ կորած համարվող զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները Արմավիրում փակել են Մարգարա-Էջմիածին ճանապարհը։ Նրանք պահանջում են, որ տղային գտնեն ու հետ վերադարձնեն, ինչպես նաև, որ իրենց հետ հանդիպման գան ՊՆ–ի ներկայացուցիչները, հայտնում է Sputnik Արմենիան։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատրաստ է ընդունել Թորոսյանի ծնողներին։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց զինծառայողի հայրը` Արամ Թորոսյանը։
«Մեկ ամիս անց միամիտ զարթնել է, գնամ, տեսնեմ` զարթնել է, թե չէ։ Ասել է` երեք հոգու կընդունի»,– նշել է նա։
Սակայն դա չի նշանակում, որ ակցիան ավարտվում է։ Մարգարայի բնակիչները փակ կպահեն ավտոճանապարհը, մինչև Վահեի ծնողները վերադառնան հանդիպումից։
Զինծառայողի մայրը պատմել է, որ տղան վերջին անգամ զանգել է սեպտեմբերի 14–ին, ասել է, որ ամեն ինչ լավ է, շուտով հերթափոխ է լինելու, և նա իջնելու է դիրքերից։ Այն, որ Վահեն վիրավոր է, ծնողներն իմացել են ավելի ուշ, զինակից ընկերներից, բայց Վահեի հետ կապ հաստատել մինչև օրս չի հաջողվում։
Թորոսյանի հարազատները մի քանի օր առաջ էլ նախարարության առջև էին բողոքի ակցիա անում։ Սակայն այնտեղ չստանալով իրենց հարցերի պատասխանները` այսօր որոշել էին ճանապարհ փակել։
Հարազատները պնդում են, որ գիտեն Վահեի տեղը։ Նա սեպտեմբերի 13-ից հետո մնացել է այն հատվածում, որն այժմ Ադրբեջանի հսկողության տակ է։