AM
12 October 2022 - 11:40 AMT

Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու Ղրիմի կամրջի պայթյունի գործով ՀՀ քաղաքացու ձերբակալության հանգամանքների բացահայտմանը

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից հոկտեմբերի 12-ին տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները` Ղրիմի կամրջի պայթյունի գործով ՀՀ քաղաքացու ձերբակալության վերաբերյալ։

«Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:

Օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ միջազգային փոխօգնության ինստիտուտի կիրառմամբ, Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հոկտեմբերի 8-ի առավոտյան հրդեհ էր բռնկվել Ղրիմի կամրջի հատվածներից մեկում։ Ղրիմի երկաթուղու մամուլի ծառայությունից դա բացատրել էին բեռնատար գնացքի վերջնամասում վառելիքով վագոն-ցիստեռնի բռնկմամբ, սակայն ավելի ուշ պարզվեց, որ պատճառը վառելիքով բեռնատարի պայթյունն է եղել։ Կամրջի մի հատվածը փլուզվել է, սակայն օրվա վերջում արդեն երթևեկությունը վերականգնվել է։ ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել էր, որ Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի երթուղին հայտնի է՝ Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, Հյուսիսային Օսիա, Կրասնոդար։

19 կմ երկարությամբ Ղրիմի կամուրջը միացնում է Ղրիմը Կերչի թերակղզու հետ։ Շինարարությունը ՌԴ-ն սկսել էր 2016-ին և ավարտել 2019-ին։ Օգոստոսի 16-ին Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը The Guardian-ին ասել էր, որ Կիևը որպես լեգիտիմ ռազմական օբյեկտ է դիտարկում Ղրիմի կամուրջը։ ‌