Հոկտեմբերի 12-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովի հետ հանդիպմանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա լայն աշխարհաքաղաքական համատեքստը:
Նա ընդգծել է, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից և Երևանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ վերոնշյալ հարցի շրջանակներում:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև նախանշել զինված ուժերի ժողովրդավարական բարեփոխումներում համագործակցության խորացման հնարավորությունները:
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։
Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 207 զոհի և անհետ կորածի մասին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։






