Ատեստավորում անցած պայմանագրային զինծառայողները հավելավճար կստանան։ Գործադիրը հավանություն է տվել նախագծին։ Այն որպես անհետաձգելի կներկայացվի ԱԺ հաստատմանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացված նախագիծն անվանել է պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կրկնապատկելուն միտված՝ նշելով, որ որդեգրում են նույն սկզբունքը, ինչ ուսուցիչների դեպքում։
Ատեստավորումը կլինի կամավոր։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ հավելավճարը կհաշվարկվի պաշտոնի նշանակման օրվանից, կտրվի նաև կրկնակի ատեստավորման հնարավորություն՝ տարեկան ոչ ավելի քան երկու անգամ։
Մարտական խնդիրներ, պլանավորում և վերահսկում իրականացնող և պաշտոնն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային ծառայության անցնող զինծառայողները կատեստավորվեն պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո, և ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը։
Արդեն իսկ ատեստավորված և հավելավճար ստացող պայմանագրայինները երեք տարին մեկ անգամ կրկին պետք է ատեստավորվեն։