Հոկտեմբերի 13-ին Եվրոպական միությունից տեխնիկական խումբ կժամանի Հայաստան՝ կքննարկվի նաև առաքելության տեղակայման վայրի հարցը։ Այդ մասին հայտարարել է արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
Թե որտեղ է տեղակայվելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ դեռ հստակ որոշված չէ:
«Այսօր կժամանի տեխնիկական խումբը, կքննարկվի նաև այդ հարցը», – լրագրողների հետ զրույցում ասել է փոխնախարարը, հայտնում է Aysor.am-ը։
Դիտարկմանը, թե ՀԱՊԿ-ն էլ է առաջարկել դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ որի՞ն կտրվի նախընտրությունը՝ փոխնախարարն ասել է, որ հայկական կողմը բաց է բոլոր առաջարկների համար։
«Մենք բաց ենք բոլոր այն առաջարկների համար, որոնց շնորհիվ կամրապնդվի մեր անվտանգությունը, որ խուսափենք այն իրավիճակից, որն ունեցանք սեպտեմբերին»,-ասել է նա։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։
ԵՄ դեսպանները Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում հավանություն են տվել քաղաքացիական առաքելություն ուղարկելուն: