AM
13 October 2022 - 11:27 AMT

Պապիկյան․ Հրաժարվում ենք եռամսյա հավաքներից՝ դրանք 25 օր կտևեն

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում հայտարարել է, որ առաջիկայում նախատեսվում է հրաժարվել պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներից, հավաքները կտևեն 25 օր։

«Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, բայց դա լինելու է պարտադիր ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար»,-ասել է նա` հավելելով, որ կարգը շուտով կհրապարակվի։

21 օրը հիմնական ծառայությունն է, որից 7 օրը քաղաքացին պատրաստություն է անցնելու, 14 օր անցկացնելու է մարտական հերթապահություն։

«Շատ են խոսակցությունները, որ մշտապես շեշտը դրվում է այն մարդկանց վրա, ովքեր միշտ պատրաստակամ են եղել, բայց սա պետք է լինի պարտադիր բոլորի համար»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ զինապարտներին հնարավորություն է ընձեռվելու ընտրել հավաքին մասնակցելու ժամկետը։

Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երբ երկար դադարից հետո կառավարությունը որոշեց իրականացնել եռամսյա հավաքների քաղաքականություն, պարզվեց, որ խնդիրներ կան:

«Մարդիկ աշխատում են: Որոշեցինք հրավիրել այն մարդկանց, որոնք աշխատանք չունեին, դրանով լուծելով սոցիալական խնդիր, քանի որ եռամսյա հավաքի մասնակիցները նաև վճարվում են։ Բայց հետագայում եկանք եզրակացության, որ արդյունավետ չէ, և որոշեցինք այն դարձնել մեկամսյա և պարտադիր բոլորի համար»,- ասել է վարչապետը: