ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն Արցախի պատվիրակություն հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀՀ-ն Արցախին առաջարկում է, որ Արցախն ինքնուրույն պետք է ներգրավված լինի ու ներգրավված է բոլոր քննարկումների մեջ։
«Իսկ Հայաստանը պետք է մաքսիմալ ներգրավված լինի այդ խոսակցությունների մեջ, որովհետև եղել է տարբերակ, որտեղ Հայաստանն ու Արցախը, որպես այդպիսին, առանձնացնելու տարբերակով է եղել, մենք չենք գնացել այդ տարբերակին», ասել է նա, հայտնում է Factor.am-ը։
Սիմոնյանը հավելել է, որ Ադրբեջանը մշտական ուղիղ կապի մեջ է Արցախի օրինական իշխանությունների հետ:
«Նույնիսկ լինում են դեպքեր, որ Արցախի իշխանություններն ավելի շատ են տեղեկացված լինում, քան մենք», – ասել է Սիմոնյանը:
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, անդրադառնալով ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ Արցախի պատվիրակության հանդիպումներին, ասել է, որ այդ հանդիպումների ընթացքում եղան պարզաբանումներ այն մասին, որ որևէ մեկը չի պատրաստվում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։
Արցախցի պաշտոնյաները Երևան են եկել Պրահայի քառակողմ հանդիպումից հետո, երբ Ստեփանակերտում բողոքի ցույցեր սկսվեցին։ Նրանք հայտարարել էին, թե գալիս են ստեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու, սակայն պատվիրակության կազմից Փաշինյանը հոկտեմբերի 12-ին ընդունել էր միայն Արայիկ Հարությունյանին։






