Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ իր ելույթում, անդրադառնալով ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու հարցին, ասել է, որ վաղաժամ է համարում դրա վերաբերյալ որոշման կայացումը առանց որոշ հարցերի հստակ պարզաբանման։
«Ես վաղաժամ եմ համարում ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը»,-ասել է նա։
Վարչապետը հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Պրահայում հոկտեմբերի 6-ին կայացած Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սահմանազատման գործընթացում հիմնվելու ենք ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի վրա, ըստ որոնց՝ խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են արդեն անկախ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմաններ։
«Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ վերոնշյալը կարևոր գործոն է նաև մեր այսօրվա օրակարգի տեսանկյունից, քանի որ մենք քննարկում ենք նաև ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու մասին դիմումի հարցը։
Որոշում կայացնելուց առաջ կարևոր եմ համարում կողմորոշվել հետևյալ հարցերի շուրջ:
Արդյո՞ք ՀԱՊԿ-ը ճանաչում է 1991 թ.-ն հաստատված ԱՊՀ երկրների պետական սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։ Սա կարևոր հարց է, քանի որ խոսքը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու և, թույլ տվեք ասել, հենց կազմակերպության ֆունկցիոնալության մասին է։ Եթե հիմնվենք մեկնաբանությունների վրա, ըստ որոնց՝ ԱՊՀ երկրների միջև սահմաններ գոյություն չունեն, քանի որ այդ սահմանները սահմանազատված չեն, դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին որոշված չէ, այսինքն՝ այն գոյություն չունի։ Իսկ դա լղոզում է ՀԱՊԿ-ի ֆունկցիոնալությունը։
Շատ կարևոր է նաև հստակ պատասխան տալ հետևյալ հարցին՝ արդյոք ԱՊՀ անդամ երկրները ճանաչում են միմյանց միջև 1991 թ.-ին հաստատված սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։ Այս հարցի դրական պատասխանը շատ կարևոր է ԱՊՀ տարածքում կայունության և անվտանգության համար»,-ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ այդ հարցերը հայկական կողմի համար առանձնահատուկ սրություն են ձեռք բերել Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի պատճառով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ է արտահայտվել ԱՊՀ–ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու գաղափարին՝ նշելով, որ ԱՊՀ–ին դիտորդի կարգավիճակ տալը որևէ մեկին չի խանգարում, ընդհակառակը` այդ բոլոր հարթակները խորհրդատվության և լուծումների որոնման համար օգտագործելու լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում։
«Մենք կողմ ենք ԱՊՀ–ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու` մեր հաստատմանը ներկայացված որոշմանը։ Եթե որոշ գործընկերներ, մասնավորապես` վարչապետը (Հայաստանի), ունեն որոշակի մտահոգություններ այս առնչությամբ, ապա այս հարցը պետք է հետագայում մշակվի, ուշադրություն դարձվի և աշխատանք տարվի այդ ուղղությամբ»,- ասել է նա։






