AM
14 Հոկտեմբեր 2022 - 13:01 AMT

Վարչապետ․ Տղաների աճյունները միջդիրքային գոտիներից դուրս բերելու պայմանավորվածություն կա, հուսով եմ՝ կկատարվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում է վերջին ագրեսիայի ժամանակ զոհվածների դիերի դուրսբերմանը։

«Մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են գտնվել միջդիրքային գոտիներում, որոնք գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում։ Պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս։ Հուսով եմ, որ այս պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է նա։

Վարչապետը հավելել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը մշտապես չարաշահել է ռազմագերիների հայրենադարձման հարցը՝ քաղաքական շահերի հասնելու նպատակով։

«Հետպատերազմյան շրջանում Ադրբեջանը գերիների ազատ արձակումը կապում էր ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հետ, թեև եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունը կայանում էր բացարձակապես բոլոր գերիների անհապաղ փոխանակման մեջ։ Հայաստանն Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի իր ունեցած բոլոր քարտեզները, բայց դա ժեստ էր մեր կողմից։ Ականապատ դաշտերի բոլոր քարտեզները ստանալուց հետո Ադրբեջանը հայտարարեց, որ այդ քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25%: Հայաստանը պատրաստակամություն է հայտնել ստուգել այս հայտարարությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ։ Մյուս կողմից, եթե անգամ այս պնդումը համապատասխանում է իրականությանը, ապա ՀՀ-ն իր բոլոր քարտեզները տվել է Ադրբեջանին և չունի «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ, որոնք թողել է իրեն:

Այժմ, քարտեզները ստանալուց հետո, Ադրբեջանը փորձում է ռազմագերիների, գերիների և այլ պահվող անձանց վերադարձը պայմանավորել ԼՂ առաջին պատերազմի հետևանքով անհետ կորածների ճակատագրի պարզաբանմամբ։ Ցանկանում եմ նշել, որ Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներից հետո հայկական կողմից ևս կային անհետ կորածներ։ Առաջին պատերազմից հետո անհետ կորած է համարվում 777 մարդ, իսկ երկրորդ պատերազմից անհետ կորած է համարվում 217 մարդ, որից 196-ը` զինվորական է, իսկ 21-ը՝ քաղաքացիական անձ։ Այս տարեսկզբի մեր հանդիպումների ժամանակ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել լիարժեք համագործակցել անհետ կորածների խնդրի ամբողջ սպեկտրում և արդեն միակողմանիորեն հանձնել է գերեզմանների մի քանի քարտեզներ, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի՝ հարյուրավոր զոհերի աճյուններ»,-ասել է Փաշինյանը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Հոկտեմբերի 14-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 210-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։ Անհետ կորած զինծառայողների թիվը 28 է։