Պրահայում հանդիպման ժամանակ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Այդ մասին ասել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն այսուհետ կանցկացվեն ՀՀ-ում և Թուրքիայում, հայտնում է Արմենպրեսը։
«Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստան֊Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Հնչել են տարբեր առաջարկներ՝ այդ թվում սահմանը դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով քննարկել այդ առաջարկները»,-ասվում է մեկնաբանության մեջ։
Չավուշօղլուն Կատարի ԱԳՆ ղեկավարի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է․ «Մեր հատուկ ներկայացուցիչներն ընդհանուր 4 հանդիպում են անցկացրել, ցավոք՝ բոլորն արտասահմանում: Վերջապես համաձայնության են եկել Թուրքիայում և Հայաստանում հանդիպելու հարցում: Եվ դա հաստատվել է Պրահայում մեր նախագահի ու վարչապետ Փաշինյանի երկկողմ հանդիպման ժամանակ: Այսուհետ հատուկ ներկայացուցիչների հանդիպումները Թուրքիայում և Հայաստանում կանցկացվեն»,-նշել է Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը:
Թուրք նախարարի պնդմամբ՝ Հարավային Կովկասի կայունության և մնայուն խաղաղության համար հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դեռևս մնայուն համապարփակ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել: Ըստ նրա՝ այդ ուղղությամբ էլ բանակցությունները շարունակվում են:






