ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ներկայացնելով Ռուսաստան այցի որոշ մանրամասներ, ասել է, որ ՌԴ-ն խոստանում է ակտիվանալ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում։
«Մենք սպասում ենք և ակնկալում ենք ՌԴ–ի կողմից ավելի լայն ներգրավվածության այս պրոցեսին»,– ասել է Սիմոնյանը` հավելելով, որ հայ–ադրբեջանական սահմանին խաղաղապահ առաքելության տեղակայման մասին Ռուսաստանի առաջարկին Հայաստանը դեմ չէ, գրում է Sputnik Արմենիան։
ԱԺ նախագահը շեշտել է, որ բացի այդ, Ռուսաստանը նաև այլ տարբեր ֆորմատներ է առաջարկել, որոնց Հայաստանը տվել է իր համաձայնությունը։
«Դա Ադրբեջանն է, որ, օրինակ, Ռուսաստանի խաղաղապահների մանդատն Արցախում մինչ օրս չի ստորագրել։ Եկեք դա չմոռանանք, և ո՞րն է այդ դեպքում մեր ռուսաստանցի գործընկերների արձագանքը։ Նաև ՀԱՊԿ–ի հետ կապված խոսակցություն եղավ Ռուսաստանում, որ ես քննադատել եմ, ես ասել եմ` այո՛, մենք ՀԱՊԿ–ից սպասում ենք ավելի կտրուկ գործողությունների, և մենք մտավախություն ունենք, որ ՀԱՊԿ–ը կարող է լքել տարածաշրջանը։ Հարցն այն է` արդյոք այդ մտավախությունը ճիշտ է, թե ոչ։ Մեզ ասում են` ՀԱՊԿ–ից դուրս եկեք, իսկ գուցե ՀԱՊԿ–ն արդեն դուրս է եկել մեր տարածաշրջանից, բայց մենք չգիտե՞նք»,– ասել է Սիմոնյանը։
ԱԺ նախագահը հայտնել է, որ այս հարցերի պատասխանները պահանջել է ռուսական կողմից, բայց նոր պատասխան չի ստացել։ Խոսելով ԵՄ առաջարկած սահմանի դիտարկման քաղաքացիական առաքելության մասին` Սիմոնյանը շեշտել է, որ Հայաստանը դեմ չէ, որ այն իրականացվի ՀԱՊԿ–ի հետ համատեղ։
«Թող գան, սահմանի ամբողջ երկայնքով կանգնեն ու ադրբեջանական կողմի սադրանքները դիտարկեն` ով է հրահրում, ով է պատասխանում սադրանքներին»,– ասել է նա։
Եռօրյա պաշտոնական այցով ՌԴ-ում լինելու ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցության խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել էր, որ ռուս գործընկերներից ակնկալում է արդյունավետ և անկեղծ համագործակցություն անվտանգային և տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու հարցերում:






