ՀՀ ոստիկանությունը նախագիծ է ներկայացրել պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ, որով Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած օտաերկրյա քաղաքացիները կարող են քաղաքացիություն ստանալ։
Ըստ նախագծի, տնտեսության ոլորտում նման արտոնություն կտրվի ՀՀ-ում առնվազն 150,000 դոլարի ներդրում իրականացնելու դիմաց։
Ըստ ներկայացված նախագծի՝ տնտեսության բնագավառում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշներն են՝
1. Կրթության կամ գիտության բնագավառում գործունեություն իրականացնելու համար ստեղծված հիմնադրամին անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով դրամական միջոցների անհատույց տրամադրումը՝ առնվազն 150,000 դոլարի չափով,
2. առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի (բաժնեմասի, բաժնետոմսի ձեռքբերում) մեջ ներդրումը՝ առնվազն 150,000 դոլարի չափով, առնվազն 10 տարի ժամկետով,
3. պետական պարտատոմսերի ձեռքբերումը՝ առնվազն 150,000 դոլարի չափով, առնվազն 7 տարի ժամկետով,
4. անշարժ գույքի ձեռքբերումը՝ առնվազն 150,000 դոլարի չափով, նվազագույնը 10 տարի ժամկետով, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով,
5. որևէ ներդրումային ֆոնդում ներդրումը՝ (պետության կողմից հավանության արժանացած) առնվազն 150,000 դոլարին համարժեք գումարի չափով, առնվազն 10 տարի ժամկետով,
6. 1 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերության հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում՝ պայմանով, որ հիմնադրողի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում,
7. 100 մլն դոլարին համարժեք դրամ և ավելի կապիտալիզացիա ունեցող օտարերկրյա տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության մասնաճյուղի հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում, որն ունի 500 և ավելի աշխատող Հայաստանի Հանրապետությունում,
8. 80 միլիոն դոլարին համարժեք դրամ և ավելի չափով վենչուրային հիմնադրամի հիմնումը Հայաստանի Հանրապետությունում,
9. 100,000 դոլարին համարժեք դրամ և ավելի չափով ֆինանսական ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունում կամ վենչուրային հիմնադրամներում,
10. Նյու Յորքի, Ֆրանկֆուրտի կամ Լոնդոնի բորսաներում հայտարարագրված բարձր և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններում 20 և ավելի տարի աշխատանքի փորձ ունենալը,
11. փոստի ոլորտի միջազգային կառույցներում համագործակցության տևական (ոչ պակաս, քան 5 տարի) ակտիվ գործունեություն, ինչպես նաև ոլորտում ֆինանսական, նյութատեխնիկական ներդրումների կատարում՝ առնվազն 250,000 դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով:
Վերոնշյալ բնագավառներում նշանակալի ավանդի և գնահատման չափանիշները սահմանվելու են կառավարության որոշմամբ՝ առանձին հավելվածներով։