ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ «Ղարաբաղի հարցով որոշումները շատ դեպքերում չեն բավարարելու հայկական կողմի ցանկությունները», քանի որ փոխվել է աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակը։ Այդ մասին նա ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
«Դժվար ժամանակներ են։ Հիմա վճռորոշ փուլ է մտել ամեն ինչ։ Դա վերաբերում է Հայաստանի Հանրապետության գոյությանը և Արցախի հարցի լուծմանը։ Եվ մեզանից պահանջվում է ուժերի գերագույն լարում, հմտություն, հավասարակշռություն, իրատեսություն, ամենակարևորը, որպեսզի մենք կարողանանք ճիշտ որոշումներ կայացնել»,-ասել է Խաչատուրյանը։
Ըստ նրա, որոշումներ կայացնելը դժվար է լինելու։
«Շատ դեպքերում, դրանք չեն բավարարելու մեր ցանկությունները, ոչ թե այն պատճառով, որ մենք ենք հրաժարվում մեր ցանկություններից, այլ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակ է փոխվել, և մենք չենք կարող չգնահատել այն ինչ որ այսօր կա, ինչ որ տեղի է ունեցել վերջին տարիներին։ Հիմա կարող ենք նաև քննարկման առարկա դարձնել, թե ինչու է այդպես եղել, բայց կարծում եմ չարժի դրան անդրադառնալ, հիմա պետք է նայենք ապագային, ինչ պետք է արվի։ Ամեն ինչ շատ արագ է փոխվում»,-ասել է նա։
Խաչատուրյանը նաև շեշտել է․ «Հայաստանի իշխանության բոլոր ներկայացուցիչները որևէ որոշում չեն կարող կայացնել ձեր ետևում կամ ձեզանից գաղտնի պահել: Ցանկացած քննարկման մասին ես տեղյակ եմ, եթե նույնիսկ ներկա չեմ՝ ծանոթանում եմ բոլոր փաստաթղթերին: Արցախի հարցը միշտ բարձրացվում է և օրակարգում կա, մեր օրակարգում այդ խնդիրը չի կարող չլինել: Մենք ուղղակի պետք է լուծման տարբերակը միասին քննարկենք և մեր քաղաքացիներին հասանելի դարձնենք, թե մենք ինչպես ենք պատկերացնում ապագան»:
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։






