AM
15 October 2022 - 10:44 AMT

ՄԻՊ. Ներքին Հանդում Ադրբեջանի ոտնձգության հետևանքով համայնքի բնակիչները առավել դժվարին իրավիճակում են

Հոկտեմբերի 14-ին մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այցելել է Սյունիքի Ներքին Հանդ համայնք, որը սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով անվտանգային առավել դժվար իրավիճակում է հայտնվել։

Պաշտպանն արձանագրել է, որ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական զինուժի ագրեսիվ ու շարունակվող ոտնձգության հետևանքով համայնքի բնակիչների, հատկապես կանանց ու երեխաների համար ստեղծվել է առավել դժվարին իրավիճակ՝ հոգեբանական ու ֆիզիկական անձեռնմխելիության, բնականոն կենսաապահովման, սեփականության ու կրթության իրավունքի և այլ հիմնարար իրավունքների իրացման համար։

Պաշտպանը հետաքրքրվել է համայնքի բնակիչների անվտանգության ապահովման, կենսական ենթակառուցվածքներից ու հաղորդակցության ուղիներից օգտվելու, բնակիչների սեփականության իրավունքի խախտումների փաստերից։

Քրիստինե Գրիգորյանը տեղեկացրել է բնակիչներին, որր փաստահավաք առաքելության հետևությունները կներկայացվեն ինչպես միջազգային հանրությանը, այնպես էլ կոնկրետ առաջարկություններ կուղարկվեն կառավարությանը՝ առաջարկելով լուծումներ արձանագրված խնդիրների համար։

Պաշտպանին ուղեկցել է Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Հոկտեմբերի 14-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 210-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։ Անհետ կորած զինծառայողների թիվը 28 է։ ‌