AM
17 October 2022 - 07:18 AMT

Ադրբեջանի ԶՈւ-ն հոկտեմբերի 16-ի երեկոյան կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 18:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է, տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով մնում է լարված։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Հոկտեմբերի 14-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 210-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։ Անհետ կորած զինծառայողների թիվը 28 է։ ‌