Հոկտեմբերի 17-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին։ Վերջիններիս ներկայացրել են մինչ այս Հայաստանում տեղի ունեցած հանդիպումների ու այցելությունների արդյունքները։
Կողմերը քննարկել են հոկտեմբերի 6-ի պրահյան հայտարարության համաձայն Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով տեղակայվելիք ԵՄ մշտադիտարկման առաքելության լիազորությունների, տեղակայման վայրերի և այլ մանրամասները։
ԵՄ մշտադիտարկման առաքելության նպատակն է լինելու նպաստել տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը, վստահության կառուցմանը և սահմանային անվտանգության ու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին։
Կարևորելով ԵՄ մշտադիտարկման առաքելության տեղակայումը՝ նախարար Միրզոյանը կարծիք է հայտնել, որ դրա դիտարկումները և վերլուծությունները կարևոր դեր կկատարեն նաև իրավիճակի վերաբերյալ ԵՄ անդամ երկրներին օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու գործում։
Նույն օրը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նույնպես ընդունել է առաքելության անդամներին: Պաշտպանության նախարարը ողջունել է առաքելության այցը Հայաստան, հայտնել առաքելության հետ համագործակցելու և առաքելությանն աջակցելու պատրաստակամություն:
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարին են ներկայացվել առաքելության հիմնական նպատակներն ու խնդիրները:
Զրուցակիցները քննարկել են առաքելության գործունեության տեխնիկական և կազմակերպչական հարցեր:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դիտորդական խումբը 40 անդամ կունենա։ Դիտորդները տեղակայվելու են իրավիճակի դիտարկման, վերլուծության և դրա մասին զեկուցելու նպատակով։ Դիտորդներ կներգրավվեն Վրաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունից։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։






