AM
18 October 2022 - 08:07 AMT

ՀՀ ՊՆ․ Սոթք-Կուտական հատվածում ադրբեջանցիները նախ կրակում են միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով մարտական շփման գծում, մասնավորապես` Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքները։

«Պարզվել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ:

Այդպիսով, Ադրբեջանի ԶՈւ-ն, նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ իբր ի պատասխան հայկական կողմից բացված կրակի»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ,

Ընդհանուր առմամբ, իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով մնում է լարված։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Հոկտեմբերի 14-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 210-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։ Անհետ կորած զինծառայողների թիվը 28 է։ ‌