AM
18 October 2022 - 08:54 AMT

Պետդավաճանության ևս մեկ դեպք․ Պայմանագրայինը $370 է ստացել գաղտնի տեղեկությունների դիմաց

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական դավաճանության ևս մեկ դեպք է բացահայտվել։

Պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային նռնականետորդ Վ.Հ-ն, ծառայության բերումով առնչվելով պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ, 2021-ի նոյեմբերին «Օդնոկլասնիկի» սոցցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակից հանդիսացող, պայմանական անունով հանդես եկող անձի հետ և հավաքագրվելով վերջինիս կողմից՝ վարձատրության դիմաց իր բջջային հեռախոսի «Վոթսափ» հավելվածի միջոցով 2021-ի նոյեմբերից մինչև 2022-ի մայիսն ընկած ժամանակահատվածում հավաքել և հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել իր զորամասի տեղակայման վայրի, մարտական դիրքերի, դրանցում ծառայության անցկացման կարգի, զորամասի հաշվեկշռում գտնվող ավտոտեխնիկայի վերաբերյալ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ։

Տեղեկությունների դիմաց նա օտարերկրյա հատուկ ծառայություններից երեք բանկային փոխանցումներով ստացել է 370 դոլար գումար՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս ՀՀ տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հիշյալ պայմանագրային զինծառայողին ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: