Երևանում իր տան մոտակայքում անհայտ անձինք ծեծի են ենթարկել քաղաքական, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանին։ Նա տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Իր տան մոտ դաժան ծեծի է ենթարկվել քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Էդգարին հենց նոր տեղափոխեցին Էրեբունի հիվանդանոց»,-գրել է նա։
Ավելի ուշ Զոհրաբյանը տեղեկացրել է, որ Ղազարյանի կյանքին վտանգ չի սպառնում։
«Էդգար Ղազարյանը Էրեբունի կլինիկայում անցել է համալիր ստուգում։ Կյանքին սպառնացող վնասվածքներ չկան։ Գլխի հատվածում ունի վնասվածք եւ հիմա բժշկական կարեր են դրվում։
Բժիշկները վստահեցնում են, որ ամեն ինչ լավ է լինելու։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ղազարյանի վրա տան շքամուտքում հարձակվել են երկու տղամարդ, որոնց նա չի ճանաչել։
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հանդես է գալիս որպես ընդդիմադիր գործիչ։ Օգոստոսին կոչ էր արել սկսել նոր շարժում՝ «Անկախության շարժում» անվանումով, որը պետք է սկսվի օգոստոսի 23-ից՝ ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման օրվանից և ավարտվի սեպտեմեբրի 21-ին՝ Հայաստանի անկախության ընդունման օրը, որը, սակայն, մեծ աջակցություն չստացավ։