ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները նախագիծ են մշակել, որով առաջարկվում է, որ բոլոր պատգամավորները, բանավորից բացի, նաև գրավոր երդում տան՝ ստորագրելով երդման տեքստի տակ:
Ալխաս Ղազարյանի, Վլադիմիր Վարդանյանի, Արփինե Դավոյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։
Նշվում է, որ նախագիծը նպատակ ունի հրապարակային տրված հանդիսավոր երդմամբ անձանց մոտ ավելացնել իրենց պաշտոնով պայմանավորված պատասխանատվության գիտակցումը։
Ղազարյանն ասել է, որ նախկինում ԱԺ կանոնակարգով նախատեսված է եղել ստորագրության մեխանիզմ, սակայն այն պատգամավորների համար, որոնք բացակայում էին ԱԺ առաջին նիստից ու բանավոր երդում չէին տալիս։ Նրանք հետագայում ստորագրում էին երդման տեքստի տակ։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, ներկայացնելով կառավարության դիրքորոշումը, տեղեկացրել է, որ գործադիրն առաջարկներ չունի:
Օրենքի նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: