AM
19 October 2022 - 09:03 AMT

Հնդկական ԶԼՄ-ներ. ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանից «Ակաշ» ԶՀՀ-ներ և «կամիկաձե» դրոններ գնելու հնարավորությունը

Հնդկական ThePrint առցանց թերթի հրապարակման համաձայն, Ադրբեջանի հետ հարաբերություններում շարունակվող լարվածության համատեքստում Հայաստանը դիտարկում է Հնդկաստանի հետ պաշտպանական նոր գործարքներ կնքելու հնարավորությունը․ զենիթահրթիռային համալիրներից զատ, ինչպիսին է «Ակաշը» (Akash), Հայաստանը դիտարկում է անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի հնարավոր գնումը, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և նրա գործընկեր՝ Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի երկկողմ հանդիպման ժամանակ ուշադրության կենտրոնում է եղել պաշտպանության ոլորտում համագործակցության խորացումը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին Գանդինագար քաղաքում DEFEXPO 2022-ի շրջանակում։ Հանդիպումը տեղի է ունեցել ընդամենը մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ երկու երկիրը հնդկական «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, «Կոնկուրս» հակատանկային հրթիռային համակարգերի, ինչպես նաև զինամթերքի լայն տեսականու, այդ թվում՝ 80 մմ ականանետի վաճառքի միջկառավարական պայմանագիր են կնքել»,- նշում է ThePrint-ը։

Ըստ թերթի՝ Հնդկաստանի կառավարության աղբյուրները շարունակում են լռել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել հայ նախարարի հետ երկկողմ հանդիպման ժամանակ, սակայն պնդում են, որ «ուշադրության կենտրոնում է եղել գործակցությունը պաշտպանության ոլորտում»:

ԶԼՄ-ի աղբյուրների համաձայն՝ Հնդկաստանի կառավարությունը հանդես է եկել Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում գործակցության օգտին՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա լարվածության պատճառով, մի երկրի, որին աջակցում են Թուրքիան և Պակիստանը։

ThePrint-ի աղբյուրները հայտնել են նաև, որ Հայաստանը դիտարկում է տեղական «Ակաշ» զենիթահրթիռային համակարգերի գնման հնարավորությունը։

«Հայաստանը նաև դիտարկում է Հնդկաստանում մասնավոր ընկերությունների`Tata Advanced Systems Limited-ի (TASL) և Solar Industries-ի կողմից մշակված «կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր (loitering munition) գնելու հնարավորությունը»,- հայտնել է աղբյուրը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Print-ը, շատերն Ադրբեջանը դիտարկում են որպես Թուրքիայի և Պակիստանի հետ ձևավորվող առանցքի մաս: Ադրբեջանն օգտագործել է թուրքական անօդաչուները Հայաստանի դեմ պատերազմ վարելու համար, ինչպես նաև «JF-17» կործանիչներ գնելու համար բանակցություններ է վարում Պակիստանի հետ:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդես: Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, զրուցել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ: