«Թաթոյան» հիմնադրամի և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) արևմտյան տարածաշրջանի համատեղ ջանքերով Google Maps և Google Earth հավելվածներից հեռացվել են Սյունիքի մարզի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները, հայտնում է «Թաթոյան» հիմնադրամը։
«Ինչպես նշվել էր սեպտեմբերի 29-ի հայտարարությամբ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը Սիսիան քաղաքի բնակիչներից մեկի ահազանգի հիման վրա պարզել էր, որ Google Maps և Google Earth հավելվածներում անվանափոխված և կեղծ կամ գոյություն չունեցող ադրբեջանական անուններով են նշված Սյունիքի մարզի դպրոցներ, այգիներ, հրապարակներ և այլն: Օրինակ` «Որոտան» գետը նշված է ադրբեջանական անվանումով՝ Bazarçay կամ Սիսիանի զբոսայգին անվանակոչված է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունով կամ Աթաթուրքի անունով, կամ Սյունիքի մարզպետարանի տեղանքը նշված է միայն ադրբեջաներենով՝ Zəngəzur Vilayəti Administrasiyası և այլն: Անգամ փորձ են արել փոխել Սիսիան քաղաքի անունը` Qarakilise։

Նմանատիպ մոտեցմամբ ադրբեջաներենով էին նշված նաև տեղանուններ Մեղրիում, Կապանում։
Ակնհայտ էր, որ սա ադրբեջանական իշխանությունների՝ Սյունիքն ադրբեջանական լինելու վերաբերյալ բացարձակ կեղծ թեզը ներկայացնելու եղանակ էր։ Ավելին, դրանով փորձ էր արվում լեգիտիմացնել ադրբեջանական հանցավոր ներխուժումները և հարձակումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։
Հեռացվել են նաև ադրբեջաներենով նշված կեղծ այլ տեղանուններ»,-ասվում է գրառման մեձ։
Նաև հրապարակել են լուսանկարներ, որտեղ համեմատվում են նախկին կեղծ ադրբեջանական տեղանուններով տարբերակները ներկայիս՝ վերացված տարբերակների հետ։