AM
19 October 2022 - 11:11 AMT

2023-ից Սևանում կգործի նոր ջրային պարեկային ծառայություն

2023 թվականից Սևանա լճում կգործի նոր ջրային պարեկային ծառայություն: Նորաստեղծ ստորաբաժանումը կգործի պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանման ենթակայությամբ, և Սևանա լճում ջրային ժամանակակից տեխնիկայով ու հանդերձանքով պարեկություն կիրականացնեն համապատասխան որակավորմամբ պարեկները։

Ոստիկանությունն ու արդարադատության նախարարությունն արդեն սկսել են համապատասխան աշխատանքները, մշակվել է հայեցակարգ, որով նախատեսված են մի շարք միջոցառումներ:

Ըստ գործողությունների պլանի և ժամանակացույցի՝ ձեռք կբերվի ժամանակակից ջրային հատուկ տեխնիկա։ Արդեն կան քննարկվող տարբերակներ։ Վերջնական որոշումից հետո կմեկնարկի ձեռքբերման գործընթացը։

Արդարադատության նախարարի տեղակալ Արփի Սարգսյանն ասել է․ «Պետք է ձևավորվի պարեկների թիմ՝ պարեկային ծառայության կազմում, որը կկարողանա ամբողջ տարին ջրային տարածության վրա իրականացնել պարեկություն։ Ըստ էության՝ ջրային պարեկները լինելու են 5-ամսյա ուսումնական պրոցեսն անցած պարեկները, որոնք կունենան լրացուցիչ մասնագիտացում։ Հնգամսյա ուսուցման պրոցեսից հետո նրանք պետք է անցնեն երկու վերապատրաստում։ Առաջինը բուն ջրային պարեկային ծառայությանը բնորոշ վերապատրաստումներն են, իսկ երկրորդը առաջին փրկարարական օգնություն ցուցաբերելուն միտված վերապատրաստումներն են, նաև ջրային ռադիոկապի հետ կապված վերապատրաստումները»։

Վերապատրաստումները կանցկացվեն միջազգային գործընկերների օժանդակությամբ, մասնավորապես ԱՄՆ դեսպանատան INL ծրագրի շրջանակում։

Ապագա ջրային պարեկները հնարավորություն կունենան հենց Սևանա լճում մասնակցել վերապատրաստման, որը ենթադրում է ինչպես դասական ջրային պարեկության իրականացում, այնպես էլ փրկարարական առաջին օգնության տրամադրում, սուզվելու հմտություններ և այլն։

Ծառայության պատշաճ իրականացման նպատակով նախատեսվում է ստեղծել ենթակառուցվածքներ՝ ջրային պարեկային ծառայության հենակետեր, պահպանվող հատուկ տարածք և այլն։

«Նախատեսում ենք սկզբնական շրջանում ափամերձ տարածքներում ստեղծել 4 հենակետ՝ այսօր գործող 1 հենակետի փոխարեն: Նպատակը ինչպես հանգստացողների, քաղաքացիների, զբոսաշրջիկների անվտանգությունը ապահովելն է, այնպես էլ բուն լճում կատարվող իրավախախտումների և հանցագործությունների կանխարգելումը»,-ասել է ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Լճի ափամերձ հատվածում կլինի նաև ջրային փոխադրամիջոցների համար նախատեսված պահպանվող հատուկ տարածք, որտեղ կտեղափոխվեն այն մոտորանավակներն ու ջրային փոխադրամիջոցները, որոնք վարողները կկատարեն այնպիսի խախտումներ, որ վտանգավոր են հովեկների կամ զբոսաշրջիկների կյանքի և առողջության համար։

Ջրային պարեկները ծառայություն կիրականացնեն կլոր տարի։ Ամռանը ջրի վրա պարեկները կպահպանեն հասարակական կարգը, կհայտնաբերեն իրավախախտների, ձմռանը՝ ձկնատեսակների ձվադրման շրջանում, կկանխեն և կբացահայտեն Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեպքեր։

Ֆիդանյանի խոսքով, ոչ սեզոնային ժամանակահատվածում ջրային պարեկները պետք է իրականացնեն ծառայություն նաև այլ ոլորտներում՝ հասարակական կարգի անվտանգության ապահովում, դեպքի վայրի պահպանություն, ահազանգերի օպերատիվ արձագանքում և այլն։

Ըստ մշակված հայեցակարգի ու ժամանակացույցի՝ 2023 թվականի երկրորդ կեսին Սևանա լճում կգործի ջրային պարեկային նոր, ժամանակակից ու պրոֆեսիոնալ ծառայություն։ ‌