AM
20 October 2022 - 09:50 AMT

ԵՄ-ի 23 մլն եվրոյի դրամաշնորհը հիմնականում կուղղվի Սյունիքի հետպատերազմյան վերականգնմանը

Եվրամիությունը 23 մլն եվրո դրամաշնորհ է հատկացրել ՀՀ-ին համավարակին և պատերազմին հաջորդած շրջանում սոցիալ-տնտեսական վերականգնման նպատակով։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա տեղեկացրել է, որ առաջին բաղադրիչով աջակցություն կտրամադրվի Սյունիքում փոքր և միջին ձեռնարությունների ստեղծամը, զարգացմանը, ինչպես նաև գործող բիզնեսների վերականգնմանը։ Թիրախային աջակցություն կտրամադրվի կանանց և երիտասարդների շրջանում գործարար կարողությունների զարգացմանը։

«Մոտ 1500 միկրո, փոքր և միջին ձեռնարկություններ, անհատ ձեռնարկատերեր կարողությունների զարգացման աջակցություն կստանան: Առնվազն 200 ձեռնարկության դրամաշնորհներ կտրամադրվեն բիզնեսների արտադրողականության բարձրացման և ԵՄ շուկա արտահանումը խթանելու նպատակով»,-ասել է նա։

Կֆինասավորվեն նաև Սյունիքի գյուղատնտեսական ենթակառուցվածների՝ արոտավայրերի հասանելիության և ոռոգման համակարգերի վերականգնմա նախաձեռնությունները:

Ծրագրով նախատեսվում է նաև «Սիմոնյան կրթական հիմնադրամի» միջոցով Թումոյի կողմից Գյումրիում խոհարարության և հյուրընկալության կառավարման դպրոցի և ձեռնարկատիրական կենտրոնի հիմնադրումը:

Ծրագրով աջակություն կտրամադրվի նաև Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի արդիականացմանը, աջակցություն կտրամադրվի նաև Արցախից տեղահանված անձանց ինտեգրման և սոցիալ-հոգեբանական աջակցության նախաձեռնություններին: