AM
20 October 2022 - 09:56 AMT

Մարզահամերգային համալիրը ՊՈԱԿ-ից կվերածվի ՓԲԸ-ի

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը պետական ոչ առևտրային կազմակերպությունից (ՊՈԱԿ) կվերածվի ՓԲԸ-ի՝ փակ բաժնետիրական ընկերության։ Կառավարությունը հավանություն է տվել որոշմանը։

Ըստ հիմնավորման` Մարզահամերգային համալիրը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար պահանջվում են խոշոր ֆինանսական միջոցներ, և դառնալով ՓԲԸ, կառույցը կստանա սեփական բյուջեն ձևավորելու ու այն ավելացնելու հնարավորություն։

‌Նշվում է նաև, որ ՄՀՀ-ի միայն կոմունալ ծախսերը՝ էլէներգիա և ջեռուցում, այն էլ խնայողաբար օգտագործման դեպքում (ոչ ամենօրյա ռեժիմով), կազմում է մոտ 135 մլն.դրամ, այսինքն՝ գրեթե այնքան ինչքան տարեկան ֆինանսավորումն է։ Նշվում է նաև, որ խնայողաբար օգտագործումն էլ իր բացասական հետևանքներն ունի՝ տաք և սառը օդի ջերմաստիճանի տատանումից վնասվում են կառույցի ջրային համակարգի խողովակաշարերը, որն էլ իր հերթին հանգեցնում է առավել բարդ խնդիրների, իսկ բաժնետիրական ընկերություն դառնալը տնտեսական գործունեության ճկունություն կապահովի:

Նախագծով առաջարկվում է ՄՀՀ–ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անշարժ և շարժական գույքը նույն իրավունքով հանձնել ձևավորվող բաժնետիրական ընկերությանը։

Մարզահամերգային համալիրը շահագործման է հանձնվել 1983-ին և կապիտալ վերանորոգման չի ենթարկվել։