AM
20 October 2022 - 10:27 AMT

Նախարար․ Սեպտեմբերյան ագրեսիայից հետո նույնականացվել է 201 մարմին, գործընթացն ավարտվել է

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողներին հայտնել է, որ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացն ավարտվել է, նույնականացվել է 201 մարմին։

«Փորձաքննությունների ամբողջ ընթացքն ավարտվել է։ Չնույնականացված մարմիններ չունենք»,– ասել է նախարարը, գրում է Sputnik Արմենիան։

Ավանեսյանը նաև հայտնել է, որ 44-օրյա պատերազմի զոհերի մարմինների նույնականացման գործընթացը ևս ավարտվել է։ Կան մասունքներ, որոնց նույնականացումը հնարավոր չի եղել իրականացնել նաև արտասահմանում։ Կան նաև նույնականացված, բայց դեռևս չհուղարկավորված մարմիններ։

«Մեր իրականացրած 60-ից ավելի փորձաքննությունը տարվել է նաև այլ երկրներում կրկնակի, եռակի փորձաքննությունների, և դրանք բոլորը նույնական պատասխան են տվել։ Բայց մենք ունենք մասունքներ, որոնք, ցավոք, նույնականացված են, բայց դեռ չեն հանձնվել հողին»,– ասել է Ավանեսյանը։

Նախարարը դժվարացել է նման դեպքերի թիվը հրապարակել, չցանկացավ նաև խոսել պատճառների մասին։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Հոկտեմբերի 14-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 210-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։ Անհետ կորած զինծառայողների թիվը 28 է։ ‌